Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանն, այսօր` հունիսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցների կողմից բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքին:
Նախարարը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Վահե Ավետյանի բուժման ընթացքը «կատարյալ է իրականացվում», պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն:
Հարցին, թե ինչո՞ւ որոշ բժիշկներ դեպքից հետո բուժաշխատողի տոնը նշել են հենց «Հարսնաքարում», Դ. Դումանյանը պատասխանեց, թե պետք չէ երեւույթը կապել տեղի հետ, քանի որ նույն բանը կարող էր տեղի ունենալ այլ տեղում: Առողջապահության նախարարը հայտարարեց, որ դատապարտում է տեղի ունեցածը: «Ես իմ աշխատանքի ընթացքում այս հարցերում շատ ուշադիր եմ լինելու, իմ կոլեգաները եւս, ինչպես շատ-շատ մարդիկ անպաշտպան են մնում, բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են, իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար, հանկարծ նման պատմությունների մեջ են ընկնում: Նախարարությունում պետք է հատուկ ուշադրություն դարձվի բուժաշխատողների իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Դ. Դումանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ դեպքի հետ կապված առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, ինչպես Գյումրիում շտապ օգնության բժշկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, Դ. Դումանյանն ասաց, որ հայտարարություններ արվել են, սակայն ոչ մամուլի միջոցով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























