Հայաստանը մասնակցում է 2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում ընթացող «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին:
Այսօր` հունիսի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ցուցահանդեսին մասնակցության համար 74 մլն դրամի ֆինանսավորման հայտը` նախկին որոշումներից մեկով հաստատված 70 մլն դրամի համեմատ;
Ի դեպ` կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ ցուցահանդեսին մասնակցությունը պատշաճ չի լուսաբանվում մամուլում: Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը խոստացավ շտկել իրավիճակը:
Նշենք, որ «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում են 105 պետություններ եւ 9 միջազգային կազմակերպություններ: Ցուցահանդեսի հիմնական խորագիրն է` «Կենդանի օվկիանոսը եւ մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը», որի ներքո հայաստանյան մասնակցությունը պետք է անցկացվի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով:
Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է ներկայացնել իր տնտեսական եւ մտավոր ներուժը, ինչպես նաեւ` իր մշակույթը եւ պատմությունը:



























