Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:
Ա. Գեւորգյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա հատկապես բարձր է գնահատել Ն. Պողոսյանի ջանքերը` մարզում նախորդ տարիների կուտակած պարտքերի մարման, վարչարարության բարելավման ուղղությամբ:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` փոխվարչապետը նկատել է, որ նա նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է մարզի թե տեղական ինքնակառավարման, թե տարածքային կառավարման մարմիններում, իսկ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է մարզում առկա խնդիրներին:
Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Ռ. Գրիգորյանին` վստահություն հայտնելով, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը եւ իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների գործում:



























