Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն, այսօր` հունիսի 28-ին, աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի եւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը եւ խնդիրները քննարկելու համար:
Հանդիպմանը կարեւորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաեւ երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը: Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի եւ արեւելյան գործընկերության ձեւաչափի երկրների իրենց գործընկերների հետ եւ քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության եւ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին եւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարեւորվել է Եվրոպական հարեւանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:
Հանրապետության նախագահն այժմ Բրույսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:




























