Եթե Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» օրինակով Սիրիայում իշխանության գա ընդդիմությունը, ապա հայ համայնքի վիճակը լավ չի լինի: Այս մասին այսօր` հունիսի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ներկայումս, նրա խոսքով, հայ համայնքի վիճակը հանգիստ է, թեեւ Հայաստանի ԱԳՆ-ն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: «Սիրիայի հայերի խնդիրը տեղային չէ, այն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության խնդիրն է, քանի որ սպառնալիքի տակ է մի ողջ հայ համայնք: Սակայն ձեռնարկելով այս կամ այն գործողությունը, Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնեցնեն դա հայ համայնքի, ինչպես նաեւ հայկական պատրիարքության հետ, որը մեծ ազդեցություն ունի»,-ասաց Պետրոսյանը, նշելով, որ, հնարավոր է, հայ համայնքի չեզոք դիրքորոշումը լավ ավարտ չունենա իրենց համար:
Արաբագետի ներկայացմամբ, եթե, Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» օրինակով, Սիրիայում իշխանության գա «ժողովրդավարական» ընդդիմությունը, ապա հնարավոր է, նրանց գաղափարախոսության եւ աշխարհընկալման մեջ տեղ չլինի այլ կրոնների համար:
«Ներկայումս կա երկու խնդիր` պահպանել Սիրիայի հայ համայնքը եւ կարողանալ վերաբնակեցնել սիրիահայերին, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այսպես թե այնպես, Սիրիայի հայ համայնքի կյանքը այլեւս չի լինի նախկինի պես, քանի որ այդ երկրում վիճակը վատթարանում է»,-նշեց արաբագետը:
Նա նաեւ հայտնեց, որ 15 ամսվա ընթացքում 4600 սիրիահայեր արդեն դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի երկրորդ քաղաքացիություն ստանան:



























