Վրաստանի շահերից է բխում խաղաղությունը հարեւան երկրներում եւ տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն www.civil.ge-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, մի կողմից հակամարտությունների աղբյուրների եւ անկայունության կրճատումը կավելացնի Վրաստանում առկա հակամարտությունների լուծման հնարավորությունները: Մյուս կողմից, հարեւանությամբ գոյություն ունեցող հակամարտությունները բացասաբար են ազդում Վրաստանում առկա խնդիրների վրա:
«Մեզ համար կարեւոր է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարգավորվի խաղաղ եղանակով, մեր տարածաշրջանում ռազմական դիմակայություն չլինի: Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ լինի, կարող եմ վստահ ասել, թե ով կլինի հաղթողը`Ռուսաստանը, որ մեկընդմիշտ կլուծի հակամարտությունները իր օգտին: Նաեւ կարող եմ վստահաբար ասել, թե ով կտուժի, Վրաստանը, որի դեմ Ռուսաստանը կրկին կփորձի ուժ կիրառել: Կարծում եմ` կհաղթի ողջամտությունը, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չսկսկեն»,- նշել է նախարարը:




























