Թուրքիան Սիրիայի օդային տարածքը խախտել է  ՆԱՏՕ-ի թույլտվությամբ` փորձելով դրանով սադրել Դամասկոսին: Այդ մասին հունիսի 28-ի մամլո ասուլիսում նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նրա խոսքով` եթե դա Թուրքիայի կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու առաջին փորձը լիներ, Սիրիան չէր խփի կործանիչին:  «Ըստ երեւույթին, թուրքական կործանիչները բազմիցս խախտել են Սիրիայի օդային տարածքը, եւ այս անգամ Դամասկոսն արդեն որոշել է համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այս ամենն իրոք սադրանք է կամ ցանկություն իմանալու, թե երկիրն ինչպես կարձագանքի ռազմական հարձակման դեպքում: Պատասխան գործողությունները ցույց են տվել, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է հակահարված տալ ռազմական ագրեսիային», - նշել է Հովսեփյանը:

Թուրքագետի խոսքով` Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարի, բայց կշարունակի գործել ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո` կատարելով նրա ցուցումները: