Դոլգոպրուդնայայում երեխաներին պատշգամբից ցած նետած 27-ամյա Գալինա Րյաբկովան, ինչպես պարզվեց, վաղուց էր հաշվառված հոգենյարդաբանական բաժանմունքում: Ամուսինը` Սերգեյ Րյաբկովը, վաղուց ցանկանում էր ամուսնալուծվել, քանի որ, ըստ նրա, Գալինան չէր կատարում կնոջ եւ մոր պարտականությունները:
«Կոմսոմոլսկայա պրավդան» սպանված տղաների ծնողների ցուցմունքներից հատվածներ է հրապարակել:
Տղամարդու խոսքով` կինը մի անգամ փորձել է իրեն սպանել եւ մշտապես ծեծել է «ձեռքի տակ ընկած ցանկացած առարկայով»: Կինը կարող էր մոռանալ կերակրել որդիներին, ժամանակն անցկացնում էր սոցցանցերում կամ գնում էր չմուշկներով սահելու:
«Մենք պետք է արձակուրդ մեկնեինք: Նախքան այդ նա խոստացել էր ավագ մեր որդուն` Վոլոդյային, դպրոց ընդունել, բայց չարեց դա: Այդ ժամանակ ես հավաքեցի իրերս եւ ամսի 9-ին մեկնեցի արձակուրդ ծնողներիս մոտ», - պատմել է Րյաբկովը:
Նրա կինը պնդում է, որ, երեխաների հետ մենակ մնալով առանց փողի (ամուսինը մեկնելուց առաջ ոչինչ չէր թողել), տեղը չէր գտնում:
Երբ Րյաբկովայի փողն ամբողջությամբ սպառվել է, նա որոշել է, որ իրեն եւ երեխաներին սպանելուց բացի այլ ելք չունի: Նա լոգարանը ջուր է լցրել, կանչել երեխաներին, այնուհետեւ վերցրել է երկարացման լարը, միացրել հոսանքից, մյուս ծայրը ձեռքում բռնել եւ որդիների հետ ջուրը մտել:
Սակայն հոսանքի հարված չի հետեւել: «Երեխաները նավակ-նավակ էին խաղում, իսկ ես մտածում էի, որ հարկավոր է սպանել նրանց, քանի որ եթե առաջինն ինձ սպանեմ, նրանք ոչ ոքի պետք չեն լինի», -հիշում է Րյաբկովան:
Այդ ժամանակ նա որոշել է որդիներին հանել 15-րդ հարկի ընդհանուր պատշգամբ, որտեղից երեխաներին առաջարկել է ինքնաթիռներ թռցնել: Նա գրկել է կրտսեր Ռոդիոնին եւ դուրս շպրտել:
«Հետո բարձրացրի Վովային: Նա ամեն ինչ հասկացավ: Սկսեց բղավել եւ արտասվել: Ես նրան ասացի, որ այդպես է պետք, ասացի` ներիր, որդիս, այնուհետեւ նստեցի պատշգամբին` ոտքերս ներքեւ», -հարցաքննության ժամանակ ասել է կինը:
Նրա խոսքով, իրեն այդպես էլ չի հաջողվել ցած նետվել, խանգարել է մի տղամարդ, որը ներքեւում վազում էր եւ բղավում, որ կինը հիմար է: «Որոշեցի իջնել իմ հարկ, մի ամբողջ տուփ սիգարետ ծխել եւ թունավորվել նիկոտինից, բայց սիգարետի տուփ այդպես էլ չգտա եւ դուրս եկա փողոց: Նաեւ մտածում էի երեխաների համար շտապօգնություն զանգել», - պատմել է Րյաբկովան:


























