Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր` հունիսի 28-ին, ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետների խմբին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՀԲ Աֆրիկայի տարածաշրջանի ֆինանսական եւ մասնավոր սեկտորի զարգացման հարցերով տնտեսագետ Սմիթա Կուրիակոսը, ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական եւ մասնավոր սեկտորի հարցերով պատասխանատու Քրիստինա Տիպմանը եւ ԱՄՆ Ջորջ Վաշինգթոն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Նիկոլաս Վոնորտասը:
Փորձագիտական խմբի այցի նպատակն էր հետազոտություն կատարել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման, մասնավորապես այդ ոլորտում սփյուռքի ներգրավվածության եւ դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Հ.Հակոբյանը ներկայացրել է այդ բանագավառում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում մասնագիտական համաժողովների կազմակերպումը, համահայկական առեւտրային պալատների ցանցի ստեղծումը:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում գործող թվով 4500 միջին բիզնեսներում Սփյուռքն ունի 80 տոկոս ներգրավվածություն:
Նախարարը Հ.Հակոբյանը նշել է, որ սփյուռքահայերի մասնակցությունը ձեռնարկատիրությանն էլ ավելի կբարձրանա ճիշտ քարոզչության դեպքում: Նա նաեւ կարեւորել է միջազգային կառույցների աջակցությունը Սփյուռքի կարիքների գնահատման եւ պետության կողմից այդ կարիքները բավարարող ծրագրերի մշակման, ինչպես նաեւ Սփյուռքի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող գործարարության մասին տեղեկատվության տարածման գործում:



























