Երեւանում հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին NEWS.am-ին հայտենցին Արտաքին գործերի նախարարությունից: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները:
Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջեւ արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012թ. փետրվարից մեկնարկած գործընթացում: Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները:
Նշենք, որ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ եւ այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաեւ անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի եւ ԵՄ միջեւ բանակցվում է նաեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայանագիր, որով կարգավորվելու են ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման հարցերը: Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի կեսին Երեւանում:




























