Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, նամակ են հանձնել, պաշտոնապես պահանջելով հունիսի 29-ին ներկայանալ ոստիկանություն:
Այսօր` հունիսի 28-ին, ավարտվել է երկօրյա ժամկետը, որի ընթացքում Ասանժն իրավունք ուներ բրիտանական գերագույն դատարանի որոշումը` իրեն Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու մասին, բողոքարկել Եվրոպական դատարանում:
Քանի որ Ասանժը չի օգտվել այդ հնարավորությունից, բրիտանական իշխանությունները իրավունք ունեն նրան 10-օրյա ժամկետում (հունիսի 28-ից սկսած) ուղարկել Շվեդիա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նամակում չի նշվում, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն եթե 40-ամյա Ասանժը չներկայանա ոստիկանություն:
Ասանժը հունիսի 19-ին գնացել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն եւ քաղաքական ապաստան խնդրել: Այդ երկրի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյան հայտարարել է, որ Էկվադորն ուսումնասիրում է Ասանժի խնդրանքը եւ այդ ողջ ընթացքում նա կգտնվի դեսպանատան տարածքում` Էկվադորի իշխանությունների պաշտպանության ներքո:




























