Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության` Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Ա. Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը Երեւան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական եւ գործնական քննություններն օժանդակելով անցկացնելու համար վերջինիս եղբորից` Կ. Աբրահամյանից 2012թ. մայիսի 31-ին պահանջել եւ  հունիսի 1-ին իր աշխատասենյակում կաշառք է ստացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: