Տաշքենդի որոշումը` դադարեցնել անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ահազանգ է, սակայն դեռեւս ոչ արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, շատ փորձագետներ Իսլամ Քարիմովի արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի են համարում, եւ անդամության դադարեցումը դրա վառ օրինակն է:
«Ես հակված եմ կարծել, որ նման քայլի պատճառը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի դերի ուժեղացումն է, եւ այդ պայմաններում Տաշքենդը, ըստ ամենայնի, թեքվում է Արեւմուտքի կողմը»,- ասել է փորձագետը` ընդգծելով, որ սա ոչ թե քաղաքականության կտրուկ փոփոխություն է, այլ անցում ավելի լողացող դիրքի:
«Վաշինգթոնի հետ ավելի սերտ շփումների ֆոնին ես չեմ բացառում, որ Տաշքենդին առաջարկ են արել, որից նա չէր կարող հրաժարվել»,- ասել է փորձագետը եւ հավելել, թե Ուզբեկստանը թուլացրել է իր դիրքերը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ուզբեկստանը դադարեցնում է անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել է դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում, աԱվելի ուշ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է, որ Տաշքենդը նոտա է ուղարկել` տեղեկացնելով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու մասին:
Ուզբեկստանն արդեն դուրս եկել էր 1999թ., սակայն 2006-ին վերականգնել էր անդամությունը ՀԱՊԿ-ին:



























