Ուզբեկստանը միշտ էլ տատանվել է ՀԱՊԿ կազմում եւ կազմակերպությանն անդամագրվել է «ոչ բաց սրտով»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա կարծիքով, Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալը պայմանավորված է այն շահով, որը կարող են ստանալ այդ երկրի իշխանությունները նման որոշում կայացնելու արդյունքում:
«Ներկայումս տեղի է ունենում կոալիցիայի ուժերի դուրս բերումն Աֆղանստանից եւ այդ ֆոնին, ենթադրում եմ, որ Ուզբեկստանին առաջարկել են որոշակի պայմաններով թեքվել Արեւմուտքի կողմը»,-նշեց Ալեքսանդրովը, հավելելով, որ այդ «պայմաններից» կարող է լինել ֆինանսական օգնությունը, քաղաքական աջակցությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ երկրում ավտորիտար ռեժիմի առջեւ աչք փակելը:
«Բացի այդ, Ուզբեկստանը չի կարող իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել` լինելով ՀԱՊԿ անդամ: Այնպես որ ամեն ինչ համընկնում է»,-ընդգծեց փորձագետը:
Հարցին, թե կարո՞ղ է Տաշքենդը փորձի որոշ ժամանակ անց վերադառնալ ՀԱՊԿ, ինչպես դա մեկ անգամ արել է նախկինում, քաղաքագետը հոռետեսական պատասխան տվեց. «Հենց այնպես դա նրա վրա էժան չի նստի: Առնվազն այս ռեժիմի պայմաններում, չեմ կարծում, որ Ուզբեկստանին հետ ընդունեն»:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ուզբեկստանը դադարեցնում է անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել է դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում, աԱվելի ուշ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է, որ Տաշքենդը նոտա է ուղարկել` տեղեկացնելով ՀԱՊԿ-ին անդամությունը դադարեցնելու մասին:
Ուզբեկստանն արդեն դուրս եկել էր 1999թ., սակայն 2006-ին վերականգնել էր անդամությունը ՀԱՊԿ-ին:




























