Հայկական բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները եւ հայ մարտիկները պատրաստ են հերոսական արարքների: Այս մասին, այսօր` հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ: Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 29-ին, Հայաստանում նշում են Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին, նախարարը նշեց, որ անցկացված վերլուծության համաձայն, այդ գործողությունները կրել են պլանային բնույթ: «Չի կարող պատահել, որ դրանք տեղի ունենան առանց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իմացության: Ըստ էության, փորձ է արվում իրավիճակը սրելու միջոցով ազդել միջազգային կառույցների վրա, նպատակ ունենալով արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը եւ փորձել միակողմանի ճնշման մթնոլորտ ստեղծել»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, հայկական կաողմն անկասկած դեմ է նման փորձերին: «Մեկ անգամ մենք արդեն եղել ենք պարտադրված պատերազմի մեջ եւ դուրս գալ դրանից: Մեր զինված ուժերը այդ քննությունը հանձնել են բարձր գնահատականով: Մենք այն ժամանակ կարողացանք հաջողության հասնել եւ այսօր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական գործողություններին, դիպուկահարների գործողություններին տալիս ենք արժանի պատասխան»,-ընդգծեց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, հայկական զինված ուժերը պատասխանում են հակառակորդի գործողություններին, որոնք կրում են նպատակային բնույթ: «Անկանոն կրակոցներին մենք չենք պատասխանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, պաշտպանության նախարարը նշեց. «Վերլուծելով իրավիճակը, մենք եկել ենք եզրակացության, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը մեծ չէ»: