Աշխարհում երջանկություն կտիրի մարտի 20-ին. հենց այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է Երջանկության միջազգային օր: Թե ինչու հատկապես այդ օրը, բանաձեւում չի հստակեցվում: Նման գաղափարն առաջարկել է Բութանի թագավորությունը, եւ այն միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների կողմից, գրում է Ru Fox-ը:

Գլխավոր ասամբլեայի բանաձեւում ասվում է, որ բոլոր երկրներին կոչ է արվում տոնը նշել «պատշաճ կերպով, այդ թվում` կրթական եւ լուսավորչական ծրագրերով»:

Նշենք, որ վերջերս շատ երկրների իշխանություններ ազգի բարեկեցության վիճակը որոշելիս սկսել են հաշվի առնել  այնպիսի գործոններ, ինչպես օրինակ երջանկության մակարդակն է, քանի որ տնտեսական ցուցանիշները անկողմնակալ պատկերը չեն բացահայտում: