Կառավարության ծրագիրը ոչ թե գործողությունների, այլ ցանկությունների փաթեթ էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին, նա նշեց, որ դա վատ միտք չէ, հատկապես այն դեպքում, երբ այն ընդդիմադիր քաղաքական գործիչ է ղեկավարելու: Իսկ թե ինչ արդյունավետություն կունենա այդ հանձնաժողովը, Արզումանյանն առաջարկեց սպասել, որ ժամանակը ցույց տա:

ԱԳ նախկին նախարարն անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին վերլուծությանը, որտեղ վերջինս ԲՀԿ-ին «Սերժ Սարգսյանի գիրկը նետողներին» անվանել էր «խառնակիչներ», նշելով, որ այնտեղ կան գնահատականներ, որոնց հետ ինքը համաձայն չէ, սակայն չի ցանկանում բարձրաձայնել:

Նա հիշեցրեց, որ նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս եւ «ժամանակը ցույց կտա, թե ով ում ջրաղացին է ջուր լցնում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններում ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուով հանդես գա, Ալ. Արզումանյանը պատասխանեց, որ դա շատ կարեւոր է, որովհետեւ նախագահական ընտրություններից հետո է, որ ժողովուրդն ըմբոստանում է, ուստի ընդդիմությունը պարտադրված է միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

Նրա ներկայացմամբ, այս պահին ընդդիմադիր դաշտում տարանջատման գործընթաց է գնում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի