Վարդան Օսկանյանի 35-ամյակը վաղուց լրացել է եւ նա կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում: Այս մասին, այօսր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշելով, որ դեմ չէ նրա առաջադրմանը:

Արզումանյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նայել է YouTube-ով եւ Վարդան Օսկանյանի թեկնածությունը պաշտպանելու ակնարկ չի տեսել, այլ հասկացել է, որ խոսքը գնացել է միասնական թեկնածուի մասին:

ԱԳ նախկին նախարարը հայտարարեց, որ եթե եթե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրի իր թեկնածությունը, իրենք պաշտպանելու են այն:

Արձագանքելով լրագրողների հարցին, թե տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հեռացումը ՀԱԿ-ից, նա ասաց, որ պետք է ՀԱԿ-ից հետաքրքվել, թե ինչ է կատարվում նրանց ներսում:

«Հիմա այլ քաղաքական գործիչներ քննադատական ելույթներ են ունենում, մասնավորպես ԲՀԿ-ի հետ համագործակցության չբացատրվածության պատճառով, որովհետեւ դա նրանց համար մի քիչ հասկանալի չէ: Եթե նրանք էլ դուրս գան, երեւի ՀԱԿ-ն էլ ավելի ուժեղացած դուրս գա այդ իրավիճակից»,-հեգնեց Արզումանյանը, հիշեցնելով, որ երբ նախկինում որոշ քաղաքական գործիչներ դուրս եկան ՀԱԿ-ից, ՀԱԿ-ում ասացին, որ իրենք էլ ավելի ուժեղացած դուրս եկան իրավիճակից, քանի որ ՀԱԿ-ում ընդգրկված 18 կուսակցությունից 16-ը մնացել է: «Ամեն մեկի դուրս գալով գուցե նոր լիցք, նոր թափ ստանա»,- հավելեց Արզումանյանը:

Ի դեպ, նա աընընդունել է համարում, երբ զուգահեռ են անցկացնում Վարդան Օսկանյանի փողերի լվացման վերաբերյալ քրգործի եւ ժամանակին իր հետ կապված նմանատիպ մեղադրանքի միջեւ: Արզումանյանի խոսքով, իր գործը չի կարճվել եւ այն Եվրոպական դատարանում վճիռ կայացնելու փուլում է: Նա վստահություն հայտնեց, որ շուտով կստանա իր բարոյական հատուցումը:

Վարդան Օսկանյանի գործի հանգամանքերին, «Ազատ դեմոկրատների» անդամը ծանոթ չէ, բայց քաղաքական ենթատեքստ ամեն դեպքում տեսնում է: «Մի քիչ տարկուսելի է, որ կուսակցությունը (ԲՀԿ-ն-խմբ) չի հայտարարում, որ ամբողջությամբ կանգնած է Վարդան Օսկանյանի թիկունքում, այլ ասում է, որ կհրավիրի միջազգային մասնագետների»,-ասաց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի