CNN եւ Fox News հեռուստաալիքները խայտառակվել են առողջապահության բարեփոխման վերաբերյալ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը լուսաբանելիս:
Հեռուստաալիքների թղթակիցները, մինչեւ վերջ չլսելով դատարանի որոշումը, հայտարարել են, որ դատավորները հավանություն չեն տվել փոփոխություններին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ բարեփոխումն ընդունվել է: Երկու հեռուստաալիքներն էլ այդ լուրը թողարկել են «Շտապ լուրեր» մակագրությամբ տողով: Մի քանի րոպե անց այլ լրատվամիջոցներում հայտնվել է լուր, որ 9 դատավորներից 5-ն աջակցել են բարեփոխմանը:
Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխման վիճահարույց կետը «անհատական մանդատն է», որը պարտավորեցնում է համարյա բոլոր ամերիկացիներին գնել բժշկական ապահովագրություն, հայտնում է «lenta.ru»-ն:
2010 թվականի մարտին այդ օրենքը հավանություն էր ստացել Կոնգրեսի կողմից, եւ ավելի ուշ այն ստորագրել էր նախագահ Օբաման: 2011 թվականի հունվարին կոնգրեսականները քվեարկել են քննադատված բարեփոխության վերացման օգտին, իսկ նույն տարվա սեպտեմբերին հայցը հասել է Գերագույն դատարան:




























