Սիրիան չէր հարվածի թուրքական օդանավին` առանց Ռուսաստանի թույլտվության: Այս մասին, այսօր` հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը` մեկնաբանելով հունիսի 22-ին թուրք-սիրիական ծովային սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հարվածել էին թուրքական F-4 Phantom կործանիչին:

Նրա խոսքով, դժվար թե Սիրիան նման քայլի գնար առանց Ռուսաստանի աջակցության, որի մասին արտահայտվել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սիրիայի ներքին քաղաքականությանը խառնվելու անընդունելի լինելու մասին: «Սիրիան ցույց տվեց, որ վճռական է տրամադրված, իսկ Արեւմուտքը պատրաստ չէ այդ միջադեպն օգտագործել ռազմական գործողություններ սկսելու համար»,-ասաց արաբագետը:

«Արեւմտյան երկրները պատրաստ չեն ֆինանսավորել ցամաքային պատերազմը Սիրիայի դեմ, ուստի նրանց նպատակը այդ երկիրը ֆինանսական ծանր կացության մեջ դնելն է: Սիրիայի տնտեսական իրավիճակն արդեն հիմա վատթարանում է»,-հավելեց նա: