Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունում բորտ-ուղեկցորդին ազատել են աշխատանքից` բիզնես դասի ուղեւորների համար նախատեսված կարկանդակներն ուտելու համար: Արհմիությունները վրդովված են նման որոշմամբ:
Ինչպես հայտնել է Belge Info-ն, մայիսի 23-ին, Կինսաշա-Բրյուսել գիշերային չվերթի ժամանակ, բորտ-ուղեկցորդը կերել է 12 կարկանդակ, որոնք նախատեսված են եղել բիզնես դասի ուղեւորների համար:
Brussels Airlines-ի տնօրինությունը չհայտնելով աշխատանքից ազատման իրական պատճառները, նշել է, որ բորտ-ուղեկցորդը նախկինում էլի նկատողություններ է ստացել ղեկավարությունից:
Արհմիությունների ներկայացուցիչները ավիաընկերության ղեկավարությանը մեղադրել են աշխատակիցների համար աշխատանքի ծանր պայմաններ ստեղծելու եւ խիստ պահանջներ դնելու մեջ` ցածր աշխատավարձի պայմաններում:




























