Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երկրում ճգնաժամի կարգավորման համար դրսից միջամտություն չի հանդուրժի: Այդ մասին նա հայտարարել է Ժնեւում Սիրիայի իրավիճակի մասին քննարկման նախօրեին:

Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը «ներքին քաղաքականության հարց է, որն այլ երկրների հետ կապ չունի»:

Նա հավելել է, որ դրսից ոչ մի ճնշում չի կարող փոխել Սիրիայի իշխանության վերաբերմունքը ներքին անվտանգության հարցերի նկատմամբ:

«Սիրիական կառավարության պատասխանատվությունն է մեր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը... Դուք պարտավոր եք երկրի ցանկացած վայրում ոչնչացնել ահաբեկիչներին», - ասել է Ասադը:

Նա հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները ճգնաժամի դրսից առաջարկված լուծումներ չեն ընդունի, անգամ բարեկամ պետությունների կողմից առաջարկված: Որոշումն անձամբ սիրիացիները պետք է կայացնեն, քանի որ «ոչ ոք մեզնից լավ չգիտի, թե Սիրիայի խնդիրները ինչպես է կարելի է լուծել», գրում է BBC-ն:

Միաժամանակ, Ասադը համոզված է, որ դեպքերի ցանկացած զարգացման պարագայում անհնար է Արեւմուտքի միջամտությունը, ինչպես դա եղավ Լիբիայում, որտեղ, ինչպես կարծում է Ասադը, Մուամար Քադաֆիի հեռանալուց հետո իրավիճակը վատթարացել է:

Ինչ վերաբերում է Սիրիայի ներքին իրավիճակին, Բաշար Ասադը հասկացրել է, որ զինված ապստամբների դեմ գործողությունները կշարունակվեն: