Աշնանը Հայ ազգային կոնգրեսը կտա բոլոր պատասխանները 2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցության մասին: Այդ մասին, այսօր` հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրական քարոզարշավին մասնակցելու հարցը:

«ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, իսկ ընտրություններից շատ առաջ սեփական թեկնածուի մասին խոսելը լուրջ չէ: Կոնգրեսը կբացատրի ամեն ինչ, երբ ժամանակը գա այդ հարցերին պատասխանելու», - ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ եթե աշնանը ՀԱԿ-ը նկատի բարենպաստ պամաններ, նա կառաջադրի իր թեկնածուին, իսկ Լեւոն Տեր-Պետրոյանն առաջնահերթ թեկնածուն է: Բարենպաստ պայմանների շարքում` ի պատասխան լրագրողների հարցերի, նա թվեց արտաքին եւ ներքին իրավիճակը, երկրի տնտեսական վիճակը, սոցիալական դժգոհությունը, քաղաքական պայմանավորվածությունները եւ շատ այլ գործոններ:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, Զուրաբյանն ասաց. «Չե՞ք տեսնում, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց վրա են վերցրել Կոնգրեսի խոսնակների դերը: Ես նրանց խորհուրդ կտայի այլ աշխատանք գտնել: Նման հայտարարութունները քարոզչություն են եւ ուղղված են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերի ամրապնդմանը»:

Զուրաբյանն ընդգծեց, որ նախագահի թեկնածուի հարցը չի քննարկվել, եւ որեւէ որոշում այդ կապակցությամբ չի ընդունվել:

Այդուհանդերձ, ըստ նրա, ամենամեծ կոնսոլիդացնող պոտենցիալն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ-ի անվիճելի առաջնորդը: Նրան հավասար քաղաքական գործիչ չկա, եւ այդ կարծիքը Կոնգրեսում կիսում են բոլորը:

Սրան ի պատասխան` լրագրողները հիշեցրին Լ. Տեր-Պետրոսյանի` ավելի վաղ արված հայտարարության մասին, ըստ որի ինքը կրկին կմասնակցի ընտրություններին, եթե առաջադրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Զուրաբյանը նշեց, որ այդ հայտարարությունն արվել էր կոնկրետ քաղաքական իրադրության մեջ, որն այլեւս գոյութուն չունի: «Հետեւաբար, Տեր-Պետրոսյանի որոշումներն այլեւս չեն կարող պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի առաջադրմամբ: Դրանից բացի, կարծում եմ, որ Քոչարյանը շանս չունի: Նրա ձեռքերը մարտի 1-ի արյունի մեջ են, նա է կառուցել այն կոռումպացված քաղաքական եւ տնտեսական համակարգը, որն այսօր խեղդում է Հայաստանը: Քոչարյանն ունի մեկ շանս` ընտրությունների արդյունքները կեղծելը: Սակայն այսօր այդ համակարգը Սերժ Սարգսյանի ձեռքին է, նա այն չի նվիրելու Քոչարյանին»,-ամփոփեց Զուրաբյանը: