Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին, հունիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած կրակոցների առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է Գյումրիի քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են,  որ քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջեւ նախկինում տեղի  ունեցած վիճաբանության վերաբերյալ  պարզաբանումներ կատարելու նպատակով վերջինիս հանդիպելու համար Է. Գրիգորյանը 2012թ. հունիսի 10-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գործով դեռեւս չպարզված անձի հետ գնացել է Սպիտակ քաղաքի ուղղությամբ:

Է. Գրիգորյանը, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին հետապնդելով Ա. Խաչատրյանի կողմից վարած «Գազ 2402» ավտոմեքենան, ընթացքի ժամանակ խոչընդոտել է վերջինիս երթեւեկությանը, պահանջել, որ նա ավտոմեքենան կանգնեցնի, սակայն Ա. Խաչատրյանն ավտոմեքենան չի կանգնեցրել:  Այդ պահին Է. Գրիգորյանն  իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից  2 անգամ կրակել է Ա. Խաչատրյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն եւ դեպքի վայրից հեռացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2012թ. հունիսի 29-ին Է. Գրիգորյանը ներգրավվել է որպես  մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Նշենք, որ այս կրակոցների համար օրերս ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանը: Կրակելու կասկածանքով բերման ենթարկված Գառնիկ Գրիգորյանը նրա փեսան էր:

Իսկ Անդրանիկ Խաչատրյանը Արտաշես Սարգսյանի փեսան է, Գյումրիի ավագանիի անդամ: