Այսօր` հունիսի 29-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է երկու դատավորները ենթարկել  կարգապահական տույժի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից:

Նիստի ընթացքում, քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Ինչպես նաեւ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: