Թուրքիան եւ Ադրբեջանը հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրեցին Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցման պայմանագիրը` 7 մլրդ դոլար արժեքով: Թուրքական կողմն արդեն TANAP-ն առանցքային է համարել Եվրոպայի համար: Նոր նախագծի հեռանկարների մասին NEWS.am-ին պատմեց Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ՌԷԳ ճյուղային վերլուծության բաժնի պետ Վիկտորյա Գիմադին.
Կարո՞ղ է նոր գազմուղը Nabucco-ին այլընտրանք դառնալ:
Չի կարելի է ասել, թե TANAP-ը Nabucco-ի լիարժեք փոխարինողն է, քանի որ վերջինս իր նախկին տեսքով ավելի գլոբալ նպատակներ ուներ: Nabucco նախագիծը ենթադրում էր հասնել Վրաստանի սահմանից մինչ Ավստրիա, հզորությունը պետք է կազմեր 31 մլրդ խմ: Որպես ռեսուրսային բազա նախատեսվում էր օգտագործել ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքմենստանի, Իրանի եւ այլ երկրների գազը:
TANAP նախագիծը ենթադրում է գազատարի կառուցում Վրաստանի սահմանից մինչեւ Թուրքիայի արեւմտյան սահման: Գազատարի հզորությունը կազմում է 16 մլրդ խմ` մինչեւ 35 - 50 մլրդ խմ ընդլայնելու հնարավորությամբ: Ընթացիկ ռեսուրսային բազան միայն ադրբեջանական Շահ Դենիզն է:
TANAP-ի վրա աշխատանքների ակտիվացումից հետո Nabucco-ն ստիպված էր մտածել նախագծի վերանայման մասին, ինչն էլ արվեց այս տարվա մայիսին (նախագծի նոր տարբերակը` NabuccoWest), նրա երկարությունը կրճատվեց երեք անգամ` մինչեւ 1300 կմ: Հիմա այն թուրք-բուլղարական սահմանից կձգվի Ավստրիայի սահման:
Շատ փորձագետները խոսում էին Nabucco-ի ձախողման մասին` հաշվի առնելով, որ այն հնարավոր չէ լցնել ֆիզիկապես: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը, եթե այո, ապա տեսականորեն ինչո՞վ է հնարավոր լցնել TANAP-ը:
Nabucco նախագիծն իր սկզբնական տարբերակով իսկապես նման խնդիր ուներ: Nabucco կոնսորցիումը ոչ մի կերպ չէր կարողանում համաձայնագիր կնքել գազամուղն անհրաժեշտ չափով «լցնելու» համար (31մլրդ խմ): Խնդիրն այն է, որ Շահ Դենիզի 2-րդ փուլի հետ կապված ենթադրվում էր ստանալ ընդամենը 16 մլրդ խմ, իսկ Թուրքմենստանից կամ Իրանից գազ ստանալն իրավական եւ քաղաքական բնույթի լուրջ խոչընդոտների հետ էր կապված:
TANAP նախագիծն, իր հերթին, ունի ռեսուրսային բազա` Շահ Դենիզի 2-րդ փուլը, որի արդյունահանումը ծրագրվում է 2017թ-ին: Այդ ժամանակ էլ նախատեսում են իրականացնել TANAP-ը:
Թուրքիան եւ Ադրբեջանը փաստացի ձգտում են Եվրոպային ռուսական գազից մասնակիորեն հրաժարվելու մեխանիզմ առաջարկել: Ռուսաստանին դա չի կարող դուր գալ: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է Մոսկվայի հնարավոր արձագանքի վերաբերյալ:
Մոսկվայի արձագանքը «Հարավային միջանցքի» վերաբերյալ վաղուց է ի հայտ եկել` դա Գազպրոմի «Հարավային հոսք» նախագիծն է` 63 մլրդ խմ հզորությամբ, որի շրջանակում առաջարկվում է գազամատակարարում Ռուսաստանից մինչեւ Ավստրիա կամ Իտալիա:
Անհրաժեշտ է նշել, որ նախագծի իրականացումը կախված է Եվրոպայում գազի հնարավոր պահանջարկից: Եթե Եվրոպայում պահանջարկը մեծանա, ապա Ադրբեջանից մատակարարվող +16 մլրդ խմ-ն չի կարող էապես փոխել շուկայում Ռուսաստանի դերը:
Զրուցեց` Էմիլ Բաբայանը




























