ԵՄ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների դանդաղ ընթացքով: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը` «Արմենպրեսին» տված հարցազրույցում:

«Մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած բռնությունների մասին: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական եւ անհարկի կորուստների համար:

ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը նպաստելու վստահության կառուցման միջոցներին, որոնք կարող են օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Այս համատեքստում Եվրամիությունը պատրաստ է առավել մեծ աջակցություն ցուցաբերել վստահության կառուցման միջոցների եւ երկու կողմերի բնակչությունների միջեւ կապերի հաստատմանը` քաղաքացիական հասարակության ներգրավման միջոցով»,-ասել է նա, հավելելով, որ այս ամենը կնպաստի վստահության ամրապնդմանը եւ հակամարտությունից տուժած մարդկանց հնարավորություն կտա լիովին մասնակցել խաղաղության հեռանկարների վերաբերյալ քննարկումներին:

«ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսության մեջ է երկու գործընկեր երկրների հետ եւ նույնիսկ նշանակել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Մենք աջակցում ենք նաեւ ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ պատրաստ ենք կիսել ԵՄ-ի համապատասխան փորձը հակամարտության վերափոխման համար»,-իր խոսքն ամփոփել է Ռամպեյը: