Չինաստանն արգելափակել է մուտքը «Bloomberg» գործակալության կայք: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունը հունիսի 29-ին մեծածավալ զեկույց է հրապարակել ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ձինփինի հարազատների բազմամիլիոն ֆինանսական ակտիվների մասին: Սի Ձինփինին համարում են երկրի ներկայիս ղեկավար Հու Ձինթաոյի հաջորդը:
Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, զեկույցում նշվում է, որ Սի Ձինփինն ունի բավականին մեծ կարողություն. ներդրումներ ընկերությունում 376 մլն ակտիվների չափով, 18% անուղղակի մասնաբաժին հազվագյուտ մետաղների արդադրությամբ զբաղվող գործարանում` 1,73 մլրդ դոլարի ակտիվներով եւ 20 մլն դոլար` տեխնոլոգիական հոլդինգում: Զեկույցում ներկայացված են լրագրողների ձեռք բերած պաշտոնական փաստաթղթերը:




























