Սանկտ Պետերբուրգում հունիսի 29-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Մոսկվան եւ Վաշինգթոնը հանդես են եկել անցած հանդիպման տարբեր գնահատականներով:
Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, որ «լավ հնարավորություն» կա, որ հունիսի 30-ին Ժնեւում կայանալիք դիվանագետների հանդիպմանը համաձայնության հիմք կգտնվի: «Հիլարի Քլինթոնի, որի հետ մեր շատ եվրոպական եւ արաբական գործընկերներ որոշակի հույսեր են կապում, հետ հանդիպման արդյունքներից ելնելով` կարելի է ասել, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք Ժնեւում բոլոր սիրիական ուժերի հետ մեկ ընդհանուր հայտարարի գալ Քոֆի Անանի նախագիծն իրագործելու համար», - ասել է նա, հաղորդում է ՆՏՎ-ն:
Մինչդեռ Պետդեպարտամենտի պաշտոնյան հայտարարել է, որ Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ կարեւոր տարբերություններ են պահպանվում Սիրիայի դիրքորոշման առումով: Վաշինգթոնը հայտարարել է, որ Քլինթոնին եւ Լավրովին չի հաջողվել համաձայնության գալ, թե ինչպես դադարեցնել բռնությունը Սիրիայում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ժնեւի հանդիպման նախօրեին Ռուսաստանն առաջարկել է Անանի նախագծում փոփոխություն ազգային կառավարության վերաբերյալ:
Ռուսաստանը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամներն Անանին վստահեցրել են անցումային կաբինետի ստեղծման հարցում, որում կընդգրկվեն կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները` «բացառությամբ այն անձանց, ովքեր վտանգի տակ կդնեն հաշտության կայունացումը»: Ենթադրվոմ է, որ այդ բնորոշումը մատնանշում է Բաշար Ասադին: Ռուսաստանը պահանջել է Անանից ջնջել այդ արտահայտությունը:



























