Թուրքմենստանը մտադիր է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան` Ադրբեջանի հետ Կասպից ծովի նավթահանքերի շուրջ առկա վեճը լուծելու համար:

Այդ մասին «Թուրքմեն» պետական լրատվական ծառայության հետ հարցազրույցում հայտնել է Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարի տեղակալ Կակագելդի Աբդըլաեւը:

Հարցազրույցում նշվում է, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլում հայտնված այդ երկրի պաշտոնյաների տեսակետները Քյափազ (Սերդար) հանքավայրում Թուրքմենստանի անցկացրած հետազոտությունների վերաբերյալ միակողմանի են եւ հարցի իրական վիճակը չեն արտացոլում:

Աբդըլաեւը նշել է, որ 2008թ. Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկրների միջեւ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել: Միաժամանակ, Թուրքմենստանը որոշ քայլեր է նախաձեռնել հարցի լուծման ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմից արձագանք չի ստացվել:

Հարցազրույցում ասվում է, որ անորոշ իրավասության տակ գտնվող գոտում AIOC կոնսորցիումի անցկացրած աշխատանքները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:

 «Ձգտելով քողարկել իր ապօրինի գործողությունները վիճելի տարածքներում, ադրբեջանական կողմը ձգտում է իրեն ներկայացնել իբրեւ իրավացի, միաժամանակ խախտելով լրացուցիչ պայմանավորվածությունները », - նշում է Աբդըլաեւը:

«Ստեղծված իրավիճակում Թուրքմենստանին ոչինչ չի մնում, քան ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելը»,- ասել է նա` նշելով, որ Սերդարի հանքավայրն ամբողջությամբ գտնվում է Կասպից ծովի թուրքմենական հատվածում: