ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցին, թե Վահե Ավետյանի մահից հետո առաջադրված մեղադրանքը չպե՞տք է խստացվի, ոստիկանությունից հայտնեցին. «Դա մեխանիկական աշխատանք չէ: Նախաքննությունը շարունակվում է լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ցանկացած որոշում կայացնելուց առաջ, առավել եւս` արարքի վերաորակման գործողություն կատարելուց առաջ պարտադիր պետք է ապացույցները գնահատվեն, ինչի հիման վրա հնարավոր կլինի կայացնել  համապատասխան որոշում:  Արվում է ամենը հնարավորինս սեղմ ժամկետում գործի քննությունը կատարելու եւ ավարտելու համար»: