Չինաստանի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 24-ի, զոհերի մասին տեղեկություն չկա, հաղորդում է «Սինհուան»:

Չինաստանի ինքնավար Սինցզյան Ույգուրյան շրջանում հզոր երկրաշարժից տուժել է 24 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 10-ից ավելի վիրավորների մասին:

«Սինհուայի» տեղեկացմամբ` զոհերի մասին տեղեկություն չկա:

6,6 բալ մագնիտուդով հզոր երկրաշարժը գրանցվել է հունիսի 30-ի գիշերը: 20 վայրկյան տեւած երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է եղել Դուշանցզի քաղաքից 99 կմ հեռավորության վրա` 7 կմ խորությունում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դրա մագնիտուդը գնահատել է 6,3:

Ինչպես հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը, տուժած կիրճերում բազմաթիվ բնակելի շենքեր են ավերվել: Քարաթափության պատճառով տարածաշրջանում խախտվել է տրանսպորտային հաղորդակցումը: