Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի եւ հայտարարություն տվել, որ 2010-2012 թթ. իր  կառուցած՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գտնվող ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է մի ՍՊԸ տնօրեն, 56-ամյա Հովհաննես Ղ.-ին, որն իրենից պահանջել է 150.000 դրամ գումար, իբր նշված շինարարությունը կատարել է տվյալ ընկերությունով դեռեւս 2010 թ.:

Միաժամանակ Հովհաննես Ղ.-ն միջնորդել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ, 53-ամյա Էդվարդ Ե.-ին՝   համապատասխան գումար տալու դեպքում ավարտական ակտը հաստատելու համար: Քաղաքացին էլ իր հերթին պայմանավորվել է Էդվարդ Ե.-ի հետ, իսկ վերջինս ավարտական ակտը հաստատելու համար նրանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Միջոցառումների իրականացման ընթացքում՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի իր ամառանոցում 150.000 դրամ առեւտրային կաշառք վերցնելու փաստով մերկացվել է  ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղ.-ն: Նրա անմիջական միջնորդությամբ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ Էդվարդ Ե.-ն:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարները եւ մյուս իրեղեն ապացույցներն առգրավվել են:

Ոստիկանության քննչական գլխավոր  վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ 1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: