Ռուսական «Գազպրոմը» Թուրքիային նախատել է Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարությանը հովանավորելու համար, որի 2018թ. մեկնարկը սպառնում է Եվրոպայում թուլացնել կոնցեռնի դիրքերը:
«Գազպրոմը» նշել է, որ TANAP-ի մեկնարկից հետո, որով Եվրոպան կասպիական գազ կստանա ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից, Թուրքիան այլեւս կարիք չունի ՌԴ-ից գազամատակարարման ավելացում խնդրել, որը նախկինում ապահովում էր «Գազպրոմը», գրում է «ՏեխնոՊրոգրեսը»:
Հիշեցնենք, Թուրքիան աջակցել է Հարավային հոսքի հետ մրցակցող նախագծին` Ադրբեջանի հետ միջկառավարական համաձայնագիր ստորագրելով, որը սկիզբ է դնում ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից Եվրոպա 16 մլրդ խմ գազ մատակարարող գազատարի 7 միլիարդանոց շինարարությանը: Թուրքիան, որն այժմ ՌԴ-ից տարեկան 18 մլրդ խմ գազ է գնում, մտադիր է շուրջ 6 մլրդ խմ-ը գնելTANAP-ից:
Առայժմ Թուրքիան Գերմանիայից հետո «Գազպրոմի» երկրորդ խոշոր հաճախորդն է, նա գազ ներկրում է միայն Իրանից եւ Ռուսաստանից: Իրանական գազը Թուրքիա հասցնող գազատարի վերջերս տեղի ունեցած պայթյունը Անկարային դրդել էր շտապ դիմել «Գազպրոմին»` մատակարարումներն ավելացնելու խնդրանքով:
«Առաջին անգամը չէ, որ «Գազպրոմը», որը հուսալի մատակարարի վարկանիշ ունի, արձագանքում է թուրքական գործընկերներին, երբ նրանց մոտ տեխնիկական խնդիրներ կան, գազատարի պայթյուններ կամ սառնամանիքներ», - Թուրքիային հիշեցրել է «Գազպրոմը» եւ խորհուրդ տվել օգնության համար հետայսու դիմել Բաքվին:




























