Բոլորի եւ յուրաքանչյուրի` կեսդյուժին  թիկնապահ ունենալու սովորությունը անոմալ երեւույթ է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով  «Հարսնաքար» ռեստորանի միջադեպը, երբ թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներին, եւ նրանցից մեկը` Վահե Ավետյանը մահացել էր: Ըստ քաղտեխնոլոգի, եթե դու ժողովրդի ընտրյալն ես, ինչի՞դ է հարկավոր թիկնապահը:

«Անհասկանալի է, ումից են պաշտպանվում: Այն նո՞ւյն ժողովրդից, որը քեզ է ընտրել: Ղարաբաղում ես ոչ մի պաշտոնյայի թիկնապահով չեմ տեսել. դուրս են գալիս երեկոյան Ստեփանակերտի հրապարակ` առանց սեփական ժողովրդից վախենալու:

Այստեղ թիկնապահներ պետք է ունենան նախագահը, խորհրդարանի նախագահն ու վարչապետը, մնացածի դեպքում դա պարզապես մոդայի է վերածվում»,-հայտարարեց Կ. Քոչարյանը:

Էթիկայի կորուստը հասարակության համար ամենալուրջ վտանգներից է. ստացվում է, որ էթիկան եւս, ինչպես մաթեմատիկան կամ գրականությունը, պետք է սովորեցնել դպրոցից: