Հայաստանում ամեն չորրորդ կամ հինգերորդ զույգն ունենում է առաջնային կամ երկրորդային անպտղություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը:

Բժշկի սահմանմամբ՝ առաջնայինն այն է, երբ զույգը մեկ տարվա ռեգուլյար սեռական կյանքի պայմաններում չի ունենում հղիություն, իսկ երկրորդայինը, երբ եղել է մեկ կամ մի քանի հղիություն, բայց այլեւս չի ստացվում: Նա շեշտեց, որ 90-ականներին  ծնված երեխաները հիմա են հղիանալու եւ հղիությունը դժվար տանելու հետ խնդիրներ ուներ:

Բժիշկը չի կարծում, որ հագուստը, սնունդը կամ էկոլոգիան ազդում են մարդու անպտղության վրա: Դրանք հնարավոր է շատ փոքր նպաստող պայմաններ լինեն, բայց պատճառ չեն կարող հանդիսանալ: Արման Սահակյանի խոսքով՝ կանանց կուսության երկար պահպանումը եւս չի նպաստում անպտղությանը:

Փոխարենը՝ անպտղության պատճառները կանանց մոտ ինֆեկցիաներն են, հորմոնալ, անատոմիական, մեխանիկական, իմունոլոգիական խնդիրները, իսկ տղամարդկանց մոտ՝ սերմի խնդիրները:

Նրա փոխանցմամբ՝  վերջերս շատացել է տղամարդկանց հետ կապված ինֆեկցիոն բորբոքային խանգարումները, սթրեսների հետեւանքով առաջացող անպտղությունը:

Արման Սահակյանը շեշտեց, որ նախկինում շատ հազվադեպ էր լինում, երբ տղամարդը դիմում էր բժշկի, իսկ այժմ  հաճախացել են նաեւ զույգերը, որոնք նախօրոք են դիմում բժշկի` հետազոտվելու համար, ինչը ողջունելի քայլ է: Օրինակ՝ տարեկան հինգ-վեց զույգ դիմում է միայն իրեն, մայրերը եւս հետեւողական են դարձել՝ իրենց աղջիկների հետ ունեցած խնդիրների հանար: Առհասարակ, անպտղությունը հեշտ է հաղթահարել, երբ զույգն է դիմում բժշկի:

Ինչ վերաբերում է անպտղության բուժմանը, եթե դրա մեջ չկա վիրահատական միջամտություն, ապա ամենաթանկ միջամտությունն անպտղության հետ կապված էկոն է՝ սկսած 950 հազար դրամից: Կա նաեւ չբուժվող անպտղություն, օրինակ, երբ տղամարդը սերմ չունի:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը, եւս նշեց, որ դեռեւս կան կարծրատիպեր, որ խնդիրները ավելի շատ կանանց մոտ են, քան տղամարդկանց: «Մեր հասարակությունը գնում է դեպի եվրոպական հասարակություն, որը քարոզում է ազատ սեռական հարաբերություններ: Բայց մյուս կողմից էլ մեր հասարակության մոտ ընդունված է տաբուներով երեխաներին մեծացնելը: Արդյունքում,  գաղտնի սեռական հարաբերությունները սովորաբար բերում են տարբեր խնդիրների՝  ինչպես հոգեբանական, այնպես էլ տեղեկատվական դաշտում»,- ասաց նա՝ կարեւորելով սեռական դաստիարակությունն առանց տաբուների:

Հոգեբանն առանձնացրեց նաեւ մեկ այլ խնդիր, օրինակ՝  երբ կինը չի կարողանում հղիանալ, որից զույգն սկսում է նյարդայնանալ ու անհանգստանալ այդ հարցի շուրջ, իսկ դա բերում է տարբեր խնդիրների, օրինակ՝ սեռական ցանկության բացակայություն:

Ամենաշատը, նրա փոխանցմամբ, կանայք են դիմում հոգեբանի, երբ հասկանում են, որ դրանից այնքան են նյարդայնանում, որ դա դառնում է իդեա ֆիքս: