ՅՈՒՆԵՍԿՕ գործակալությունը հունիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում կայացած կոնֆերանսի քվեարկության ընթացքում որոշել է Բեթղեհեմի սբ. Ծննդյան եկեղեցուն համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ տալ:
Քվեարկությունը գաղտնի է անցկացվել, եւ պաղեստինցիների ձեւակերպումներն ընդունվել են նախնական տեսքով` չնայած Իսրայելի բողոքներին եւ փորձագետների կարծիքներին, որոնք վանքի համար ոչ մի սպառնալիք չէին տեսնում:
Որոշմանը կողմ են քվեարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության 13 անդամներ, դեմ` վեցը: Պաղեստինցիները պահանջում էին «պատմության մեջ ամենահայտնի պաղեստինցու» ծննդյան տեղում կառուցված եկեղեցին, որն իսրայելական հարձակումների պատճառով ոչնչացման վտանգի տակ է, ներառել համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման կապակցությամբ Պաղեստինյան ինքնավարությունում ազգային տոն է հայտարարվել, գրում է NEWSru Israel-ը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, փորձագետների կոմիտեն մերժել էր Բեթղեհեմում Քրիստոսի Ծննդյան բազիլիկին արագացված կարգով համաշխարհային ժառանգության ոչնչացող օբյեկտի կարգավիճակ շնորհելու առաջարկը: Անգամ սրբավայրի պահապանները` հույն ուղղափառ, կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիները դեմ էին հանդես եկել դրան:
Քրիստոսի Ծննդյան բազիլիկի առաջադրումն իբրեւ համաշխարհային ժառանգության օբյեկտ պաղեստինցիների համար միջոց է ապացուցելու, որ իրենք են տվյալ վայրի տնօրինողները, որտեղ ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են այցելում: Ամենից առաջ դա Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի` պաղեստինյան պետության միջազգային ճանաչմանը հասնելու փորձի մի բաղադրիչ է:
Մեծ դիվանագիտությամբ հույն ուղղափառ, կաթոլիկակական եւ հայ առաքելական եկեղեցիների առաջնորդները մերժեցին առաջարկը` քաղաքավարությամբ շարադրելով պատճառները. «Մենք չենք կարծում, որ տեղին է քննարկել Բազիլիկը եւ ամբողջ համալիրը ժառանգության ցանկում ընդգրկելը` տարաբնույթ պատճառներից ելնելով»,– ասված է Մահմուդ Աբասին ուղարկված նամակում, որը ստորագրել են երեք առաջնորդները:




























