Եվրոպացի եւ ռուսաստանցի գիտնականները Գրենլանդիայի տարածքում, Մանիիթսոկ քաղաքի մոտակայքում հայտնաբերել են Երկրի վրայի հնագույն խառնարանը` 100 կմ տրամագծով: Նշվում է, որ այն առաջացել է 3 մլրդ տարի առաջ` 30 կիլոմետրանոց աստերոիդի անկման արդյունքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այն պատահաբար հայտնաբերել է Դանիայի եւ Գրենլանդիայի երկրաբանական ծառայության աշխատակից Ադամ Գարդը: Նա իր արշավախմբում ներառել է ռուսաստանցի, բրիտանացի եւ շվեդ գործընկերների, ովքեր երկու անգամ եղել են Մանիիթսոկի շրջանում եւ մանրամասն տվյալներ հավաքել:
Հետազոտողները նշում են, որ աստերոիդի հարվածի վայրում հանքաքարերը մոտ 3 մլրդ տարեկան են: Եթե այդ երկնաքարը ընկներ մայրցամաքի տարածքի վրա, կառաջացներ 500-600 կմ տրամագծով փոս:



























