Ժնեւում նախօրեին կայացել է Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» առաջին հանդիպումը` ՄԱԿ ԱԽ մշտական անդամ-երկրների, Թուրքիայի եւ արաբական մի շարք պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված չեն եղել Իրանի, Սաուդյան Արաբիայի, ինչպես նաոեւ հենց Սիրիայի ներկայացուցիչները:
Ժնեւյան համաժողովի արդյունքներով ընդունվել է կոմյունիկե, որում մասնակիցները Սիրիային կոչ են անում ստեղծել անցումային կառավարություն` ընդդիմության ներկայցուցիչների մասնակցությամբ: Փաստաթղթում չկա պահանջ Բաշար Ասադի հեռանալու մասին, ինչը պնդում էին արեւմտյան դիվանագետները: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, Վաշինգտոնն այդ հարցում զիջել է Մոսկվային` հույսով, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Ասադի վրա` ստիպելով նրան հեռանալ:
«Ասադն այսպես թե այնպես ստիպված կլինի հեռանալ»,- հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման արդյուքնները դրական է գնահատել: «Մենք հասանք նրան, որ փաստաթղթում չկա ոչ մի նախապայման` անցումային գործընթացի եւ համազգային երկխոսության սկսման համար»,- նշել է նա:




























