Սիրիայի վերաբերյալ ժնեւյան նոր պայմանավորվածությունները Բաշար Ասադի հրաժարական են ենթադրում: Այդ մասին TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքով` համաձայնագրի տեքստում հատուկ նշվում է, որ «կձեւավորվի անցումային կառավարություն, որը կունենա բոլոր լիազորությունները»:
«Այնտեղ Ասադը չի լինի, քանի որ դրա կազմում կլինեն անձինք, որոնց թեկնածությունը համատեղ հավանության կարժանանա»,-ասել է Ֆաբիուսը` ավելացնելով, որ Ասադի թեկնածությունը երբեք չի արժանանա ընդդիմության հավանությանը: «Ուստի համաձայնագիրը ազդանշան է տալիս, որ Ասադը պետք է հեռանա եւ որ նրա օրերը հաշված են»,-նշել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ժնեւում նախօրեին կայացել է Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» առաջին հանդիպումը` ՄԱԿ ԱԽ մշտական անդամ-երկրների, Թուրքիայի եւ արաբական մի շարք պետությունների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված չեն եղել Իրանի, Սաուդյան Արաբիայի, ինչպես նաոեւ հենց Սիրիայի ներկայացուցիչները:Ժնեւյան համաժողովի արդյունքներով ընդունվել է կոմյունիկե, որում մասնակիցները Սիրիային կոչ են անում ստեղծել անցումային կառավարություն` ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Փաստաթղթում չկա պահանջ Բաշար Ասադի հեռանալու մասին, ինչը պնդում էին արեւմտյան դիվանագետները: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, Վաշինգտոնն այդ հարցում զիջել է Մոսկվային` հույսով, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Ասադի վրա` ստիպելով նրան հեռանալ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման արդյունքները դրական է գնահատել: «Մենք հասանք նրան, որ փաստաթղթում չկա ոչ մի նախապայման` անցումային գործընթացի եւ համազգային երկխոսության սկսման համար»,- նշել է նա:




























