Սիրիական ընդդիմությունը մերժել է Ժնեւում Սիրիայի հարցով հանդիպմանը ձեռք բերված համաձայնություն
Փաստաթուղթը ենթադրում է անցումային կառավարության ստեղծում, որում կընդգրկվեն ինչպես ընդդիմության, այնպես էլ ներկայիս կառավարության նեկայացուցիչները: Ընդդիմադիրները հայտարարել են, որ անթույլատրելի են համարում որեւէ բանակցություն Ասադի կամ նրա արյունալի վարչակարգի ներկայացուցիչների հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 30-ին Ժնեւում կայացել է Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» առաջին հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ-երկրների, Թուրքիայի եւ մի շարք արաբական պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել հանդիպմանը:
Լրատվամիջոցներն ընդգծոմ են, որ փաստաթղթում ընդգրկված չի եղել նախագահ Բաշար Ասադի հեռացումը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո նրա արդյունքները դրական է անվանել` նշելով. «Մենք հասել ենք նրան, որ փաստաթղթում անցումային կառավարության գործընթացի եւ համազգային երկխոսության սկսման ոչ մի նախնական պայման չկա: Այնտեղ չկա պահանջ այդ գործընթացից որեւէ խմբի բացառման մասին: Իսկ նման մոտեցում առկա էր մեր շատ գործընկերների առաջարկություններում»:
Մինչդեռ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հյատարարել է, որ Սիրիայի հարցով ժնեւյան նոր պայմանավորվածությունները ենթադրում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:



























