Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ տեղակայել է 6 Ֆ-16 կործանիչ: Թուրքական հրամանատարությունը հայտնել է, որ դա պայմանավորված է սիրիական ուղղաթիռների սահմանին մոտենալու վերջին երեք դեպքերով: Ճիշտ է, Հանրապետության օդային տարածք նրանք չեն ներխուժել, ավելացնում է հրամանատարությունը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նախորդ շաբաթ Անկարան նաեւ հայտարարել էր Սիրիայի սահմանի երկայնքով մեկնարկային հրթիռային համալիրների տեղակայման մասին: Այդ ամենը տեղի է ունենում սիրիական զինվորականների կողմից թուրքական ռազմական օդանավը խփելուց հետո: Դամասկոսը դա ընդունել էր, սակայն ընդգծել էր, որ կործանիչը գտնվել է սիրիական տարածքում: Թուրքիան հայտարարում է, որ օդանավը սահմանը չի խախտել:



























