Բրիտանական Բրեդֆորշիրում ավիաշոուի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել` վթարի է ենթարկվել միջոցառմանը մասնակցող օդանավը, օդաչու Թրեւոր Ռոշը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ քիչ անց մահացել է:

Օդանավն ընկնելուց հետո շոուն դադարեցվել է, ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունները վերացրել են վթարի հետեւանքները եւ սկսել դրա հետաքննությունը: Ըստ նախնական տվյալների` ողբերգության պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը, հայտնում է NEWSru.com-ը:

Havilland DH 53 օդանավն արտադրվել է նախորդ հարյուրամյակի 20-ականներին: Առաջին անգամ այդ տեսակի  օդանավերը ներկայացվել են 1923 թվականին: Ընդամենն արտադրվել էր Havilland DH 53-ի 15 միավոր, որոշ ժամանակ դրանք կիրառվել են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: