Ռուս մասնագետներըւ կարեւոր դեր են խաղացել սիրիական պաշտպանության ուժերի կողմից թուրքական օդանավի ոչնչացման գործում: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Sunday Times-ի հրապարակումը:

Ըստ մերձարեւելյան դիվանագիտական աղբյուրների` օդանավը կործանելու որոշումը պետք է նախազգուշացում դառնար ՆԱՏՕ-ի համար, որպեսզի Դաշինքը հեռու մնա Սիրիայի իրադարձություններից:

«Իրավիճակն ակնհայտ ռուսական մատնահետք ունի: Սիրիան Լիբիա չէ, եւ ցանկացած փորձ թանկ կնստի հարձակվողի վրա»,- իրավիճակի ռուսական մտածողությունը մեկնաբանող դիվանագետին է մեջբերում Sunday Times-ը:

«Մենք չենք զամանա, եթե պարզվի, որ ռուս մասնագետները կանգնած են եղել դա անող սիրիացի սպաների կողքին»,-Իսրայելի ռազմաօդային ուժերի աղբյուրին է մեջբերում Sunday Times-ը:

Հիշեցնենք, որ ըստ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության` Ռուսաստանն ունի տվյալներ թուրքական օդանավը կործանելու վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք դրանք ներկայացնել», - նրան մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի հետախուզական RF-4E օդանավն անհետացել էր տեղորոշիչ կայանների էկրաններից հունիսի 22-ին: Դամասկոսը հայտարարել էր, որ ոչնչացրել է այն իր տարածքային ջրերում, քանի որ օդանավը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք:

Թուրքիան պնդում է, որ RF-4E-ն իբր խփվել է միջազգային օդային տարածքում: