Ճապոնիայի իշխող Դեմոկրատական  կուսակցությունում պառակտում է նկատվում. դրա նախկին առաջնորդ Իտիրո Օձավան եւ նրա համախոհների մի մասը ղեկավարությանը դիմում են ներկայացրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: 

Դեմոկրատական կուսակցությունում պառակտման պատճառ է դարձել նախորդ շաբաթ խորհրդարանում ընդունած օրենքը` սոցապահովման համակարգի բարեփոխման  եւ սպառողական հարկի բարձրացման վերաբերյալ: Օրենքի քվեարկությունն իշխող Դեմոկրատական կուսակցությունը բաժանել է երկու ճամբարի: Օրենքի կողմնակիցները, որին են պատկանում վարչապետ Յոսիհիկո Նոդան եւ կուսակցության ղեկավարությունը պնդում են, որ առանց հարկերի բարձրացման չի հաջողվի բարելավել ֆինանսական համակարգը, նվազեցնել պետական պարտքը եւ պահպանել հասարակության սոցիալական ապահովությունը, գրում է «Ռոսիսկայա գազետան»:

Օձավայի եւ Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Հաթոյամայի գլխավորությամբ, օրենքի հակառակորդները կարծում են, որ կուսակցության նախընտրական հռչակագրում գրված հարկերը չբարձրացնելու վերաբերյալ հայտարարությունը ապահովել էր նրա հաղթանակը 3 տարի առաջ, իսկ օրենքի ընդունումը կդառնա հուսախաբություն ընտրողների համար: