Թիմբուքթուում հնագույն թանգարանների ոչնչացումը հավասարեցվել է ռազմական հանցագործություններին: Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու բենսուդան, ընդգծելով, որ միջազգային դատարանը կարող է Մալիի գրոհայինների դեմ հետապնդում սկսել:
Նման հայտարարությունների համար հիմք է հանդիսանում Միջազգային քրեական դատարանի կարգավիճակը, որի համաձայն, չպաշտպանված խաղաղ օբյեկտների վրա հարձակումները համարվում են ռազմական հանցագործություններ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Անսար ադ-Դին» շարժման գրոհայինները, որոնք առնչություն ունեն «Ալ-Կաիդայի» հետ, ոչնչացրել են Թիմբուքթուում գտնվող պատմական հուշարձանը եւ խոստացել վերացնել ողջ թանգարանը:
Ականատեսները հաղորդել են, որ ամբողջովին քանդվել են Սիդի Մահմուդի (Բեն Ամարի) եւ երկու այլ հուշարձաններ:
Թիմբուքթուն քաղաք է Մալիի հյուսիսում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մի շարք հուշարձաններ կան:
Դրանց թվում, մասնավորապես, ընդգրկված են երեք մզկիթ եւ իսլամական սրբերի 16 դամբարաններ:
«Անսար ադ Դին»-ը իսլամական զինված խմբավորում է, որը կապեր ունի ահաբեկչական «Ալ-Կաիդան իսլամական Մահրիբեում» կազմակերպության հետ, որն Աֆրիկայի տարածքում կատարված շատ ահաբեկչությունների եւ մարդկանց առեւանգման պատասխանատուն է:



























