Չինաստանում օդանավ առեւանգող 6 հոգուց երկուսը մահացել են հիվանդանոցում: «Գլոբալ թայմզ» հրատարակչությունը հայտնում է, որ նրանք մահացել են վնասվածքներից: Մանրամասներ չեն հաղորդվում:
ՉԺՀ-ի Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում հունիսի 29-ին կատարվել է Tianjin Airlines ավիաընկերության ինքնաթիռի առեւանգման փորձ, որը Հոթան-Ուրումչի չվերթն էր կատարում: Օդանավում եղել են 92 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ:
Օդանավը զավթել փորձող 6 մարդ վնասազերծվել են ուղեւորների եւ անձնակազմի անդամների կողմից, ընդ որում` վնասվածք է ստացել 7 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կասկածյալները ույգուրներ են, որոնք փորձել են մտնել օդաչուների խցիկ: Ըստ ականատեսների` զավթիչներն օդանավում փորձել են գործի դնել պայթուցիկ սարք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում գործում է «Արեւելյան Թուրքմենստան» խմբավորումը, որին չինական իշխանությունները դասում են «Ալ-Կաիդայի» հետ կապեր ունեցողների շարքում: Նրա անդամները եւ համախոհները պայքարում են ՍՈՒԻՄ-ի անկախության համար:


























