Հայտնի ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը շուտով դատարանի առաջ պատասխան կտա իր հրապարակած երկու հոդվածների համար, որտեղ խոսվել է «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւայի մասին: Ըստ երգչուհու` գրառումները խախտում են  նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը եւ բարոյական վնաս են հասցնում: Փոխհատուցումը երգչուհին գնահատել է 6 միլիոն ռուբլի:  

Ջանաբաեւային վիրավորել են այն պնդումները, որ «ՎԻԱ Գրա»-ում կարիերայի սկզբում իր կուրծքը մեծ չի եղել, եւ որպեսզի դա թաքցնի, նա հատուկ  ներքնազգեստ է օգտագործել:  Նրան դուր չի եկել, այն պնդումը, որ հայտնի խմբի երգչուհիների համար բեմի ճանապարհն անցնում է պլաստիկ վիրաբույժի կաբինետով, որն օգնել է երգչուհուն մեծացնել կուրծքը երկու չափով, իսկ դեմքը երիտասարդ պահել նրան օգնում են ներարկումները եւ ներդիրները:

Հոդվածներում գնահատվում են Ջանաբաեւայի ոչ միայն արտաքին տվյալները: Ամսագրի գտած փորձագետներն արտահայտվում են  տղամարդկանց հետ նրա հարաբերությունների մասին եւ նույնիսկ իրենց խորհուրդներն են տալիս:
Հայցում Ջանաբաեւան պահանջ է ներկայացնում նույնիսկ գրանշման դեմ, որով գրված են գրառումների խորագրերը, հայտնում է Life News-ը:

«ՎԻԱ Գրայի» երգչուհին իր անձնական կյանք այդ «անհարկի միջամտությունը» գնահատել է 2-ական միլիոն ռուբլի յուրաքանչյուր հոդվածի համար, եւ եւս 1-ական միլիոն է պահանջում «բարոյական եւ ֆիզիկական տառապանքների համար` ներառյալ հիվանդագին հոգեկան եւ զգացմունքային ապրումները, վիրավորանքի եւ զայրույթի զգացումները»: