Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող անձը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել  9 տարի առաջ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վոլգոգրադյան շրջանի ՌԴ ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Անտոն Կորնաուխովը: Ձերբակալվածի  առնչությամբ Հայաստանում եւ Գերմանիայում 2003 թվականին հրատարկվել էին «Red Notice» ծանուցումներ:

«Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է  Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել», - պատմել է Կորնաուխովը: Ըստ նրա` խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են  խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր: 

Հայաստանի իրավապահ մարմինները Երեմյանին փնտրում են 2003 թվականին երեք մարդու սպանության կասկածանքով:

Երեմյանը եւ Երեւանում նրա համախոհները կրակել էին  «Վոլգա» մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ: 2003 թվականի հունիսի 25-ին ցերեկը ժամը 12-ին Երեւանի Նուբարաշենի մայրուղու վրա  անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշի մեքենայի վրա: Մահացել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներ` Հայաստանի պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արկադի Գեւորգյանը: Արկադիի եղբայր Արտեմ Գեւորգյանն էլ ստացել էր ծանր վնասվածքներ: 

«Այդ հանցագործությունից հետո Երեմյանը թաքնվում էր Գերմանիայում: ԳԴՀ-ի ոստիկանության կողմից եւս նա հետախուզվում էր 2003 թվականից», - պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հայաստանի եւ Գերմանիայի իրավապահ մարմինները տեղեկացրել են  կասկածյալի ձերբակալման մասին: