Հայաստանում նշում են դատախազության աշխատողի օրը եւ դատախազության 94-ամյակը: Այս կապակցությամբ Գլխավոր դատախազությունում կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բազմաթիվ հյուրեր:

Իր խոսքում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է. «Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դատախազությունը առաջատար պետական կառույց է` կանգնած օրինականության եւ կարգուկանոնի պաշտպանության դիրքերում եւ կարեւոր դեր է խաղում իրավունքների պաշտպանության ոչ հեշտ գործում»: Նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել ջանքերը դատախազների պատրաստականության որակի բարձրացման ուղղությամբ, որպեսզի մարդիկ հավատան ու վստահեն դատախազությանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Տիգրան Սարգսյանին՝ արդարադատության երկրորդ դասի պետական դասային աստիճան: Պարգեւները վերջիններիս հանձնել է վարչապետ Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը:

Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լիլիթ Թադեւոսյանը եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը: